Ապրանքային նշանների մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.05.2011
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առեւտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար.».
2) 3-րդ մասը «նիշերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձեւերի եւ շփոթելու աստիճան նման նիշերի,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձեւերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, եւ այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար եւ չի նսեմացնի այն:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «չի կարող պարունակել այնպիսի տարրեր» բառերը փոխարինել «չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից» բառերով:
Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ցանկացած անձ` ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:»:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝
1) հայտարարություն չի ներկայացնում, կամ
2) հայտարարություն ներկայացնում է միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ
3) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ
4) նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն,
ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։».
2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝
1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ
2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ
3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն,
ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել, այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որեւէ գրառում չի կատարվում, եւ դրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով։»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.06.2011 ՀՕ-184
Նախագծի պատմություն
Դեպի վեր